Հրապարակային Օֆերտա և Քովորքինգային Ծառայությունների մատուցում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ (ՊԱՅՄԱՆԱԳԻՐ)

ՔՈՎՈՐՔԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ք. Երևան                                                                                          — հունիսի, 2022թ.

«ԴԸ ՕՖԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ նաև Կատարող)՝ ի դեմս տնօրեն Արմինե Կարապետյանի, ով հանդես է գալիս ընկերության կանոնադրության հիման վրա, ցանկացած իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ և/կամ ֆիզիկական անձի առաջարկում է սույն հրապարակային օֆերտայի ակցեպտավորմամբ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ՝ նաև Պայմանագիր) ստորև նշված պայմաններով։

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.1. Այնքանով, որքանով համատեքստից այլ բան չի բխում, Պայմանագրում օգտագործվող ստորև նշված բառերն ու արտահայտություններն ունեն հետևյալ իմաստը.

1.1.1. Քովորքինգ՝ ՀՀ, ք. Երևան, Ամիրյան փողոց, շենք 27, տարածք 7 հասցեում գտնվող տարածություն, որտեղ կազմակերպված է աշխատանքային միջավայր միմյանց հետ չկապակցված անձանց կողմից միաժամանակյա գործունեություն իրականացնելու համար։

1.1.2. Քովորքինգային ծառայություններ՝ Պատվիրատուին տրամադրվող Ծառայություններ և/կամ Լրացուցիչ ծառայություններ։

1.1.3. Ծառայություններ՝ անհատական աշխատանքային միջավայրի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ընձեռում Պատվիրատուին՝ ինքնուրույն գործունեություն իրականացնելու նպատակով (օրինակ՝ ընդունելություն, սեղան, աթոռ, կոնֆերանս սրահ, էլեկտրաէներգիա, ինտերնետ, մաքրություն և այլն)։

1.1.4. Լրացուցիչ ծառայություններ՝ Ծառայություններից բացի առաջարկվող վճարովի այլ ծառայություններ, որոնք մատուցվում են Պատվիրատուների առանձին հայտերի հիման վրա։

1.1.5. Ադմինիստրատոր՝ Կատարողի շահերը ներկայացնող և նրա անունից հանդես եկող անձ, ով հետևում և ապահովում է Քովորքինգային ծառայությունների մատուցումը և Պայմանագրի պայմանների ու Քովորքինգի կանոների պահպանումը։

1.1.6. Քովորքինգի կանոններ՝ Կատարողի կողմից Պայմանագրի Հավելված 1-ով միակողմանիորեն սահմանված համընդհանուր և պարտադիր կանոններ Քովորքինգի աշխատանքների կազմակերպման, Քովորքինգում գտնվող Պատվիրատուների և Այցելուների համար։

1.1.7. Պատվիրատու՝ Կատարողի կողմից առաջարկվող Ծառայությունները ձեռք բերած իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և/կամ ֆիզիկական անձ, ով Պայմանագրով նախատեսված կարգով կատարել է դրանց դիմաց սահմանված վճարումը։

1.1.8. Կատարող՝ Քովորքինգային ծառայություններ մատուցող իրավաբանական անձ՝ «ԴԸ ՕՖԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։

1.1.9. Կողմեր՝ Պատվիրատու և Կատարող։

1.1.10. Այցելու՝ Պատվիրատու չհանդիսացող և Ադմինիստրատորի թույլտվությամբ Քովորքինգ այցելած անձ։

1.1.11. Ընդունարան՝ Ադմինիստրատորների հիմնական աշխատանքային առանձնացված տարածք Քովորքինգում, որտեղ գրանցվում ու նույնականացվում են Պատվիրատուները և Այցելուները, ինչպես նաև հնարավոր է ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Քովորքինգի մասին։

1.1.12. Կայք՝ համացանցում տեղակայված Քովորքինգի կայքէջերի համալիր՝ https://www.theoffice.am հասցեով գտնվող մեկնարկային կայքէջով, որի միջոցով կարելի է մուտք գործել մյուս կայքէջեր։

1.1.13. Սակագնային փաթեթ՝ Կատարողի կողմից միակողմանիորեն հաստատված, փոփոխված և/կամ լրացված փաստաթուղթ և/կամ մի քանի փաստաթղթեր, որոնցով սահմանվում են Քովորքինգային ծառայությունների, Ծառայությունների մատուցման ժամանակահատվածի, գնացուցակի և այլ պայմանների համակցություն։ Սակագնային փաթեթը, դրա հետագա փոփոխությունները և/կամ նոր խմբագրությունները տեղադրվում և հրապարակվում են Կայքում և հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը: Կիրառման ենթակա է Պայմանագրի կնքման պահի դրությամբ Կայքում հրապարակված Սակագնային փաթեթը:

1.1.14. Ծառայությունների մատուցման ժամանակահատված՝ այն ժամանակահատվածը, որի համար Պատվիրատուի և Կատարողի միջև կնքվել է Պայմանագիր։

1.2. Պայմանագրում կարող են կիրառվել հասկացություններ, որոնց նշանակությունը սահմանված չէ Պայմանագրի 1-ին բաժնում: Այդ դեպքում նման հասկացությունների մեկնաբանությունն իրականացվում է Պայմանագրի բովանդակությանը համապատասխան:

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

2.1. Սույն փաստաթուղթը պարունակում է Պայմանագրի բոլոր էական պայմանները և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հանդիսանում է «ԴԸ ՕՖԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հրապարակային օֆերտա (այսուհետ՝ նաև Օֆերտա)։

2.2. Պայմանագրի կնքման պայմանների և կարգի նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը, որոնք կարգավորում են հրապարակային պայմանագրի, միանալու պայմանագրի, օֆերտայի և դրա ակցեպտի ներկայացման կարգը և պայմանները:

2.3. Օֆերտայի ակցեպտ (ընդունում) և Պայմանագրի կնքման պահ է համարվում Պայմանագրի 5-րդ բաժնով նախատեսված կարգով և չափով Պատվիրատուի կողմից կատարված համապատասխան վճարումն ամբողջությամբ Կատարողի կողմից ստանալու պահը:

2.4. Օֆերտայի ակցեպտավորմամբ անձը դառնում է Պատվիրատու և հավաստում, որ ծանոթացել է Օֆերտայով սահմանված բոլոր դրույթներին և պայմաններին, այդ թվում՝ Սակագնային փաթեթին, Քովորքինգի կանոններին, ինչպես նաև Կայքում ներկայացված այլ տեղեկատվությանը և ամբողջ ծավալով ու անվերապահորեն, ընդունում և համաձայնվում է դրանց՝ առանց որևէ բացառությունների կամ սահմանափակումների: Այսպիսով նաև Պատվիրատուն երաշխավորում է, որ գործունակ է և Պայմանագրի կնքումն ու համապատասխան Սակագնային փաթեթի ընտրությունը հանդիսանում է իր ազատ կամքի դրսևորում, որի ժամանակ իր մասին տրամադրում է ճիշտ, արժանահավատ և արդիական տեղեկություններ (տվյալներ):
2.5. Օֆերտայի ակցեպտավորմամբ Պատվիրատուն երաշխավորում և հավաստում է, որ Ծառայությունները ձեռք է բերում իր ինքնուրույն գործունեությունն իրականացնելու նպատակով, որի համար Կատարողը որևէ պատասխանատվություն չի կրում։

2.6. Օֆերտայի ակցեպտավորմամբ Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունը Քովորքինգում կամ դրա հարակից տարածքում գտնվելու ընթացքում Կատարողի կողմից նկարահանվելու և/կամ տեսանկարահանվելու համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

2.7. Օֆերտայի ակցեպտավորումից հետո Պատվիրատուն իրավունք չունի ներկայացնել որևէ պատճառաբանություն Օֆերտայի պայմաններին ծանոթ չլինելու և/կամ Օֆերտայի պայմաններից որևէ մեկի և/կամ որևէ փաստաթղթի հետ համաձայն չլինելու վերաբերյալ և այդ հիմքերով իրավունք չունի վիճարկել Պայմանագրի կնքման փաստը և/կամ Պայմանագրի որևէ պայմանի կիրառելիությունը:

2.8. Պատվիրատուի կողմից Օֆերտայի ակցեպտավորմամբ կնքված Պայմանագիրը, որի համար չի պահանջվում երկկողմանի ստորագրություն, հավասարազոր է Կողմերի միջև գրավոր ձևով կնքված պայմանագրին և իրավաբանական ուժ ունի նաև էլեկտրոնային տարբերակով:

2.9. Կատարողն իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ փոփոխել և/կամ լրացնել Օֆերտայով սահմանված դրույթները և/կամ պայմանները, ինչպես նաև հետ կանչել Օֆերտան։

2.10. Ծառայությունների մատուցման ֆիզիկական անհնարինության դեպքում Պայմանագիր չի կնքվում։

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

3.1. Կատարողը պարտավորվում է, Ծառայությունների մատուցման ֆիզիկական հնարավորության դեպքում, Պատվիրատուի կողմից ընտրված Սակագնային փաթեթի ներքո, նրան ընձեռել անհատական աշխատանքային միջավայրի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ, իսկ Պատվիրատուն պարտավորվում է Պայմանագրով սահմանված կարգով վճարել դրանց դիմաց։

3.2. Սակագնային փաթեթների ցանկը և նկարագրությունը, Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, գնացուցակը, որոնք Պատվիրատուն կարող է ընտրել, ինչպես նաև լրացուցիչ ծառայությունների և հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում են Կայքում:

3.3. Պատվիրատուներն իրենց առանձին հայտերի հիման վրա կարող են ձեռք բերել նաև Լրացուցիչ Ծառայություններ՝ կնքելով առանձին պայմանագիր Կատարողի հետ։

3.4. Պատվիրատուն իրավունք չունի Պայմանագրով ձեռք բերած Ծառայությունը որևէ կերպ փոխանցել այլ անձի։

3.5. Ծառայության մատուցման ժամկետը որոշվում է Կատարողի՝ Ծառայությունների փաստացի մատուցման ֆիզիկական հնարավորությունից ելնելով։

3.6. Պայմանագրի շրջանակներում Պատվիրատուն չի կարող օգտագործել Քովորքինգի հասցեն՝ որպես իր իրավաբանական և/կամ փոստային հասցե։

3.7. Կատարողը չի հանդիսանում Պատվիրատուի գործատու։ Օֆերտայով և/կամ Պայմանագրով սահմանված դրույթներն ու պայմանները որևէ կերպ չեն կարող մեկնաբանվել, որպես Կատարողի և Պատվիրատուի միջև կնքված աշխատանքային պայմանագիր և/կամ որևէ այլ պայմանագիր, որը ենթադրում է Պատվիրատուի կողմից Կատարողի շահերից բխող աշխատանքի կատարում։

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Կատարողը պարտավոր է.

4.1.1. պատշաճ կարգով մատուցել Ծառայությունները,

4.1.2. ապահովել Պատվիրատուի մուտքը Քովորքինգ և ընձեռել ընտրված Սակագնային փաթեթով նախատեսված պայմաններից օգտվելու հնարավորություն,

4.1.3. հնարավորությունների սահմաններում և ըստ անհրաժեշտության ձեռնարկել Ծառայության որակի բարձրացմանն ուղղված միջոցներ,

4.1.4. Պատվիրատուին տեղեկացնել Պայմանագրի պայմանների, Սակագնային փաթեթների, Ծառայությունների այլ պայմանների և/կամ Քովորքինգի կանոնների փոփոխության մասին՝ համապատասխան տեղեկատվությունը տեղադրելով Կայքում և հասանելի դարձնելով Ընդունարանում,

4.1.5. մաքրության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և տեխնիկական պատշաճ մակարդակ ապահովել Քովորքինգում,

4.1.6. Պատվիրատուին նախապես՝ 24 ժամ առաջ, տեղեկացնել այն աշխատանքների մասին, որոնք կարող են հանգեցնել Ծառայությունների մատուցման ընդհատումներին։

4.2. Կատարողն իրավունք ունի.

4.2.1. միակողմանիորեն սահմանել և/կամ փոփոխել Պայմանագրի պայմանները, Ծառայությունների ցանկը, Սակագնային փաթեթները, Ծառայությունների այլ պայմանները և/կամ Քովորքինգի կանոնները՝ այդ մասին տեղեկատվությունը տեղադրելով Կայքում և հասանելի դարձնելով Ընդունարանում,

4.2.2. միակողմանիորեն փոփոխել Քովորքինգի կամ դրա առանձին տարածքների աշխատանքային ժամերը, այդ մասին նախապես՝ 24 ժամ առաջ, տեղեկացնելով Պատվիրատուներին՝ տեղեկատվությունը հասանելի դարձնելով Ընդունարանում,

4.2.3. իրականացնել Պատվիրատուի կողմից Պայմանագրի պայմանների կատարման և/կամ Քովորքինգի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն,

4.2.4. սահմանափակել և/կամ արգելել Պատվիրատուի մուտքը Քովորքինգ, եթե Պատվիրատուն չի կատարում Կատարողի պահանջները՝ ուղղված Պայմանագրի պայմանների և/կամ Քովորքինգի կանոնների խախտումները և/կամ թերությունները վերացնելուն,

4.2.5. ժամանակավոր սահմանափակել Պատվիրատուների մուտքը Քովորքինգ՝ կապված պրոֆիլակտիկ աշխատանքների, Քովորքինգի արդիականացման, տեխնիկական խափանումների, դրանց հետևանքների վերացման և/կամ այլ հանգամանքների հետ,

4.2.6. միակողմանիորեն դադարեցնել Պայմանագիրը, եթե Պատվիրատուի և/կամ նրա Այցելուների կողմից էականորեն խախտվում են Պայմանագրի պայմանները և/կամ Քովորքինգի կանոնները, ընդ որում՝ խախտումների էականությունը Կատարողը որոշում է ինքնուրույն,

4.2.7. միակողմանիորեն դադարեցնել Պայմանագիրը, եթե Պատվիրատուն վնասում և/կամ փչացնում է Կատարողի և/կամ Քովորքինգում գտնվող այլ անձանց գույքը,

4.2.8. իրականացնել Պայմանագրով նախատեսված և դրա բովանդակությունից բխող այլ իրավունքներ:

4.3. Պատվիրատուն պարտավոր է.

4.3.1. ժամանակին վճարել Ծառայությունների ձեռք բերման համար, անցնել նույնականացման և գրանցման ընթացակարգ,

4.3.2. խստորեն պահպանել և չխախտել Պայմանագրի պայմանները և/կամ Քովորքինգի կանոնները, ինչպես նաև կատարել Պայմանագրի պայմաններից և/կամ Քովորքինգի կանոններից բխող Ադմինիստրատորի պահանջները,

4.3.3. չխոչընդոտել և/կամ չխանգարել երրորդ անձանց օգտվելու Քովորքինգային ծառայություններից,

4.3.4. խնամքով և զգուշությամբ օգտագործել Կատարողի գույքը և իր կողմից պատճառված վնասի համար կրել լրիվ նյութական պատասխանատվություն՝ փոխհատուցելով պատճառված վնասի արժեքը,

4.3.5. ապահովել Կատարողի հետ համագործակցության արդյունքում Կատարողի վերաբերյալ ստացած տեղեկատվության գաղտնիությունը և պաշտպանվածությունը,

4.3.6. պահպանել Քովորքինգի կանոններով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հակահրդեհային անվտանգության, սանիտարահիգիենիկ և այլ պահանջները,

4.3.7. Պայմանագրով նախատեսված իր իրավունքները և պարտավորությունները չփոխանցել երրորդ անձանց,

4.3.8. ինքնուրույն ապահովել Ծառայություններից օգտվելու համար նախատեսված իր տեխնիկական միջոցների և սարքավորումների սարքինությունը և գործունակությունը,

4.3.9. չխոչընդոտել Պայմանագրի պայմանների և/կամ Քովորքինգի կանոնների պահպանման նկատմամբ Կատարողի կողմից հսկողության իրականացմանը,

4.3.10. իր վավերապայմանների, էլեկտրոնային փոստի հասցեի, հեռախոսահամարի, ինչպես նաև Պայմանագրի կատարման համար նշանակություն ունեցող այլ տվյալների փոփոխության դեպքում, այդպիսի փոփոխության պահից 5 /հինգ/ աշխատանքային օրվա ընթացքում, փոփոխությունների մասին գրավոր կարգով կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնել Կատարողին՝ տրամադրելով այդպիսի փոփոխությունները հաստատող փաստաթղթերը,

4.3.11. իր մոտ եկած Այցելուների գործողությունների և/կամ անգործության համար կրել լրիվ պատասխանատվություն,

4.3.12. իրեն մատուցվող Քովորքինգային ծառայությունները, այդ թվում ինտերնետային կապը, չօգտագործել այնպիսի նպատակներով, որոնք կարող են խախտել ՀՀ օրենսդրությունը,

4.3.13. կրել Պայմանագրով նախատեսված և Պայմանագրի բովանդակությունից բխող այլ պարտավորություններ:

4.4. Պատվիրատուն իրավունք ունի.

4.4.1. պահանջել Կատարողից իր պարտավորությունների պատշաճ իրականացում,

4.4.2. առանձին դիմումի հիման վրա պատվիրել և ստանալ Լրացուցիչ ծառայություններ՝ դրանց համար վճարելու պայմանով,

4.4.3. ինքնուրույն որոշել իր գործունեության ուղղությունը, ինչպես նաև տնօրինել, տիրապետել և օգտագործել իր գործունեության արդյունքները,

4.4.4. իրականացնել Պայմանագրով նախատեսված և Պայմանագրի բովանդակությունից բխող այլ իրավունքներ:

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

5.1. Պայմանագրի արժեքը որոշվում է Պատվիրատուի կողմից ընտրված Սակագնային փաթեթի հիման վրա:

5.2. Պայմանագրի արժեքի վճարումը կատարվում է կանխավճարային եղանակով՝ նախապես վճարելով ընտրված Սակագնային փաթեթի համար սահմանված արժեքի 100% -ը:

5.3. Վճարումն իրականացվում է անկանխիկ և համարվում է կատարված, երբ ընտրված Սակագնային փաթեթի համար սահմանված արժեքի 100%-ը Պատվիրատուի կողմից փոխանցվում ու մուտքագրվում է Կատարողի հաշվեհամարին։ Եթե Ծառայությունների մատուցման ժանակահատվածի սկզբին փոխանցված գումարները չեն մուտքագրվել Կատարողի հաշվեհամարին, ապա Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել ներկայացնելու նման փոխանցումը հիմնավորող փաստաթղթեր։

5.4. Պատվիրատուի կողմից ընտրված Սակագնային փաթեթի համար վճարումը կատարելու և Ծառայությունների մատուցման ժամանակահատվածում Ծառայություններից չօգտվելու դեպքում՝ համարվում է, որ Կատարողն ամբողջությամբ և պատշաճ մատուցել է Ծառայությունները։ Նման պարագայում վճարված գումարը ետ վերադարձման ենթակա չէ։

5.5. Վճարման կատարմամբ Պատվիրատուն ակցեպտավորում է Օֆերտան և Պայմանագիրը համարվում է կնքված, որից հետո միայն ուժի մեջ են մտնում Կողմերի իրավունքներն ու պարտականությունները։

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.2. Կատարողը պատասխանատվություն չի կրում Ծառայություններից օգտվելու ընթացքում Պատվիրատուի կրած ուղղակի կամ անուղղակի վնասների, ներառյալ՝ բաց թողնված օգուտի, Կատարողից որևէ կերպ չկախված պատճառներով Ծառայություններից օգտվելու անհնարինության, Պատվիրատուի կողմից ներկայացված անձնական տվյալների և այլ տեղեկատվության արժանահավատության, ամբողջականության, ճշգրտության և արդիականության համար:

6.3. Կատարողը պատասխանատվություն չի կրում Ծառայությունների համար անհրաժեշտ և երրորդ անձանց կողմից տրամադրված կամ ապահովված ծառայությունների որակի համար:

6.4. Կատարողը պատասխանատվություն չի կրում Ծառայությունների մատուցման այնպիսի խոչընդոտների համար, որոնք անմիջականորեն և/կամ անուղղակիորեն առաջանում են Կատարողի ողջամիտ վերահսկողության ոլորտից դուրս գտնվող պատճառներով:

6.5. Կատարողը չի երաշխավորում Ծառայությունների բացարձակ անխափան և/կամ առանց խնդիրների մատուցումը և դրա համար որևէ պատասխանատվություն չի կարող կրել:

6.6. Կատարողը չի տրամադրում ակնհայտ և ենթադրյալ երաշխիքներ, որ Ծառայությունները կհամապատասխանեն Պատվիրատուի բոլոր պահանջներին և/կամ սպասելիքներին:

6.7. Կատարողը որևէ պատասխանատվություն չի կրում տեխնիկական խնդիրների համար, որոնք առաջացել են կոմունալ ծառայությունների և/կամ ինտերնետի խափանումների և/կամ որակի համար՝ պայմանավորված սեզոնային և/կամ պրոֆիլակտիկ աշխատանքներով և/կամ վթարներով:

6.8. Պատվիրատուն ինքնուրույն պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրության խախտումների և երրորդ անձանց առջև իր գործողությունների և դրանց արդյունքների համար:

6.9. Կատարողի գույքին պատճառված վնասի համար Պատվիրատուն կրում է լրիվ նյութական պատասխանատվություն՝ փոխհատուցելով պատճառված վնասի արժեքը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։

6.10. Կատարողը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի և/կամ նրա Այցելուների անձնական իրերի և գույքի պահպանության, ինչպես նաև դրանց պատճառած վնասի համար։

6.11. Կատարողը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի և/կամ նրա Այցելուների կյանքին ու առողջությանը պատճառված վնասի համար։

  1. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

7.1. Պատվիրատուն, Կայքում գրանցվելով և նույնականացում անցնելով, անվերապահորեն տալիս է իր համաձայնությունը Կատարողի կողմից ստացված այնպիսի տեղեկատավության մշակման, փոխանցման և պահպանման վերաբերյալ, որը պարունակում է անձնական տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ և վայր, հաշվառման և/կամ փաստացի բնակության հասցեները, սեռը, քաղաքացիությունը, ՀՎՀՀ, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ) և համաձայն է, որ նշված տվյալները պետք է պահպանվեն Կատարողի մոտ և պետք է մշակվեն բացառապես Պայմանագրի նպատակների իրականացման համար՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների:

7.2. Պատվիրատուն անձնական տվյալները Կատարողին է տրամադրում Պայմանագրով սահմանված Ծառայությունների ստացման, Պայմանագրի առարկային վերաբերող ծանուցումներ ուղարկելու, տարատեսակ այլ տեղեկատվության և/կամ գովազդների ստացման նպատակով և Կատարողին է հանձնարարում դրանց մշակումը, որն իրականացվում է ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց կիրառման, ներառյալ անձնական տվյալների հավաքումը, ամրագրումը, մուտքագրումը, համակարգումը, կազմակերպումը, պահպանումը, օգտագործումը, վերափոխումը, վերականգնումը, փոխանցումը, ուղղումը, ուղեփակումը, ոչնչացումը:

7.3. Պայմանագրով նախատեսված անձնական տվյալների մշակման համաձայնությունը գործում է Պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում և Պայմանագրի գործողության դադարեցման պահից հինգ տարվա ընթացքում կամ մինչև Պատվիրատուի կողմից գրավոր կարգով ներկայացված հրաժարումը:

7.4. Կատարողը սույնով երաշխավորում է, որ Համակարգի գործողության ընթացքում ստացված անձնական տվյալներն իր կողմից կարող են օգտագործվել բացառապես Պայմանագրի կնքման, Պայմանագրի փոփոխության և/կամ լուծման, Պայմանագրով նախատեսված ծառայությունների պատշաճ մատուցման, Պայմանագրով նախատեսված պարտավորությունների և գործողությունների պատշաճ կատարման ապահովման, Պայմանագրի կատարումից բխող Պատվիրատուին ծանուցումների, տեղեկատվության ներկայացման, ինչպես նաև Ծառայությունների ընդլայնման, զարգացման, և արդյունավետության բարձրացման նպատակներով:

7.5. Պայմանագրի կնքման և կատարման ժամանակ Կողմերին հայտնի դարձած Պայմանագրի իմաստով առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը և/կամ այնպիսի տեղեկատվությունը, որը Կողմերից մեկը ցանկանում է գաղտնի պահել հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն: Կողմերը պարտավոր են չհրապարակել և/կամ այլ կերպ երրորդ անձանց հայտնի չդարձնել գաղտնի տեղեկատվությունը: Սույն կետով սահմանված դրույթները գործում են նաև Պայմանագիրը ցանկացած հիմքով լուծվելու և/կամ դրա գործողությունը դադարեցվելուց հետո՝ լուծման և/կամ գործողության դադարման պահից սկսած 5 (հինգ) տարվա ընթացքում:

7.6. Կողմի կողմից գաղտնի տեղեկատվության բացահայտումը կարող է իրականացվել միայն մյուս Կողմի գրավոր համաձայնության դեպքում կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրավասու պետական մարմինների կողմից ներկայացված պահանջների հիման վրա:

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

8.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև Կողմերի կողմից Պայմանագրով սահմանված իրենց պարտավորությունների ամբողջական կատարումը՝ Պատվիրատուի կողմից ընտրված Սակագնային փաթեթին և Ծառայությունների մատուցման ժամանակահատվածին համապատասխան:

8.2. Պայմանագրով նախատեսված Կողմերի այն պարտավորությունները, որոնք իրենց էությամբ պետք է շարունակեն գործել, ներառյալ՝ վճարումների, գաղտնիության, փոխադարձ հաշվարկների հետ կապված պարտավորությունները, ուժի մեջ են մտնում Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո մինչև դրանց ամբողջական կատարումը:

8.3. Կատարողը իրավասու է միակողմանիորեն փոփոխել և/կամ լրացնել Պայմանագրի պայմանները՝ այդ մասին համապատասխան տեղեկատվությունը տեղադրելով Կայքում և հասանելի դարձնելով Ընդունարանում:

8.4. Պայմանագիրը կարող է լուծվել հետևյալ դեպքերում.

8.4.1. ցանկացած ժամանակ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ,

8.4.2. Կատարողի նախաձեռնությամբ, երբ Պատվիրատուի կողմից խախտվում են Պայմանագրի պայմանները և/կամ Քովորքինգի կանոնները,

8.4.3. Պայմանագրով և/կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

8.5. Պատվիրատուի նախաձեռնությամբ Պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում Պատվիրատուի կողմից Կատարողին վճարված գումարները Կատարողի կողմից Պատվիրատուին ենթակա չեն վերադարձման: Կողմերը սույնով ընդունում և հաստատում են, որ չվերադարձված դրամական միջոցները հանդիսանում են Պատվիրատուի կողմից Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու իրավունքի իրականացման համար Կատարողին վճարման ենթակա փոխհատուցում:

  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

9.1. Կողմերն ազատվում են Պայմանագրով ստանձնած պարտավորությունները մասամբ կամ ամբողջովին չկատարելու համար պատասխանատվությունից, եթե այդ չկատարումն անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանք է: Անհաղթահարելի ուժ կարող են համարվել այնպիսի հանգամանքները, որոնք ի հայտ են եկել Պայմանագրի կնքումից հետո, անմիջականորեն ազդել են Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման վրա և իրենց բնույթով այնպիսին են, որ չէին կարող կանխատեսվել կամ կանխարգելվել դրանց ազդեցությունը վկայակոչող Կողմի կողմից (հրդեհներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր, ապստամբություններ, պատերազմներ, ռազմական գործողություններ, համաճարակներ և այլն):

9.2. Անհաղթահարելի հանգամանքների ի հայտ գալու դեպքում Կողմերի պարտավորությունների կատարման ժամկետները հետաձգվում են այդ հանգամանքների և դրանց հետևանքների գործողության ժամանակին համապատասխան:

9.3. Եթե անհաղթահարելի ուժի գործողությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, Կողմերից յուրաքանչյուրն իրավունք է ստանում լուծելու Պայմանագիրը: Ընդ որում, Պայմանագրի լուծումը նման հիմքով մյուս կողմի համար չի առաջացնում լուծման հետևանքով վնասների հատուցում պահանջելու իրավունք:

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

10.1. Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերն առաջնահերթ լուծվում են բանակցությունների միջոցով։ Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում, վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

10.2. Պայմանագրով չկարգավորված հարաբերությունները ենթակա են կարգավորման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.3. Պայմանագրի շրջանակներում բոլոր գրությունների, տեղեկությունների փոխանցումը և ծանուցումները համարվում են պատշաճ, եթե դրանք ուղարկվել են էլեկտրոնային փոստով` ըստ Կողմերի՝ Պայմանագրում նշված տվյալների (հասցեների): Պայմանագրի գործողության ընթացքում Կողմերի կամ նրանցից որևէ մեկի հասցեի փոփոխման դեպքում Կողմերը պարտավորվում են այդ մասին ոչ ուշ, քան 5 (հինգ) օրվա ընթացքում տեղեկացնել միմյանց: Նման հաղորդման բացակայության դեպքում փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված հասցեատիրոջը, թեկուզև հասցեատիրոջ այդ էլեկտրոնային հասցեն այլևս գոյություն չունի կամ չի պատկանում հասցեատիրոջը:

10.4. Կնքելով Պայմանագիրը՝ Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունը տեղեկատվական և/կամ գովազդային բնույթի նամակների և/կամ նյութերի ստացման համար, որոնք տարածվում են կապի միջոցներով (էլեկտրոնային փոստով, հեռախոսային նամակներով, սոցիալական ցանցերի տարբեր հավելվածներով և այլն), ինչպես նաև Կայքի էջերում անձնավորված գովազդային ծանուցումների ներկայացման համար: Նշված համաձայնությունը գործում է մինչև դրա հետկանչը:

10.5. Բոլոր հավելվածները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը, իսկ դրանցով սահմանված պայմանները հանդիսանում են Պայմանագրի պայմաններ։

  1. ԿԱՏԱՐՈՂԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

«ԴԸ ՕՖԻՍ» ՍՊԸ
Հ/Հ 15700 80135570100
Ամերիաբանկ ՓԲԸ
ՀՎՀՀ՝ 02862444
Էլ. փոստ՝ info@theoffice.am
Հեռ.՝ +374 12 310 000, +374 12 300 100
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Ամիրյան փ. 27, տարածք 7
Տնօրեն՝ Արմինե Կարապետյան


Հավելված 1

ՔՈՎՈՐՔԻՆԳԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Սույն կանոնները կարգավորում և սահմանում են Քովորքինգում գտնվող բոլոր անձանց վարվելակերպի նորմերը, որոնք պարտադիր են ապահովման տեսանկյունից։

  1. Քովորքինգի աշխատանքային ժամերն են յուրաքանչյուր օր 11.00-ից մինչև 21.00՝ առանց հանգստյան օրերի։
  2. Պատվիրատուները և/կամ Այցելուները մուտք են գործում Քովորքինգ Ադմինիստրարտորի թույլտվությամբ։ Քովորքինգ մուտք գործելու համար հարկավոր է անցնել նույնականացման և/կամ գրանցման գործընթաց։
  3. Պայմանագրի դադարման ժամանակ Պատվիրատուն պետք է Քովորքինգից հեռացնի իրեն պատկանող բոլոր իրերը։
  4. Պայմանագրի պայմանների և/կամ Քովորքինգի Կաննոների խախտման դեպքում Պատվիրատուն և/կամ Այցելուն պետք է Ադմինսիտրատորի առաջին իսկ պահանջի դեպքում լքեն Քովորքինգը։
  5. Քովորքինգի տարածքի բաժանումները և սահմանազատումներն իրականացվում են Կատարողի հայեցողությամբ։
  6. Քովորքինգում արգելվում է.

6.1. ծխել, այդ թվում էլեկտրոնային կամ այլ տիպի սիգարետներ և/կամ ծխախոտներ,

6.2. օգտագործել ալկոհոլային խմիչքներ և/կամ գտնվել ալկոհոլի ազդեցության տակ,

6.3. օգտագործել թմրանյութ, հոգեմետ և/կամ այլ նմանատիպ միջոցներ և/կամ գտնվել դրանց ազդեցության տակ,

6.4. խանգարել և/կամ անհարմարություն պատճառել այլ Պատվիրատուներին և/կամ Այցելուներին, այդ թվում՝ աղմկել, անհարգալից արտահայտվել և /կամ կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վիրավորել և/կամ սպառնալ այլ անձանց,

6.5. բերել պայթունավտանգ իրեր և/կամ զենք, քինամթերք,

6.6. բերել սնունդ,

6.7. գտնվել կենդանիների հետ,

6.8. գտնվել մինչև 18 տարեկան երեխաների հետ,

6.9. պահպանել հեծանիվներ, սկուտերներ և/կամ այլ միջոցներ նախատեսված տեղաշարժման և/կամ փոխադրման համար,

6.10. գտնվել հիվանդ վիճակում (օրինակ՝ հարբուխ, տաքություն և այլն),

6.11. գտնվել առանց կոշիկների, կեղտոտ և/կամ վատ հոտավետ հագուստով և/կամ ներս բերել կեղտոտ և/կամ վատ հոտավետ իրեր,

6.12. անձնական իրերը թողնել առանց հսկողության,

6.13. զբաղվել ցանկացած տիպի քաղաքական գործունեությամբ և/կամ քաղաքական հայացքների տարածմամբ,

6.14. խաղալ դրամախաղեր,

6.15. առանց ականջակալների նայել ֆիլմեր և/կամ վիդեո նյութեր, լսել երաժշտություն և/կամ աուդիո նյութեր,

6.16. կոնֆերանսի և/կամ քննարկումների սենյակներից դուրս անցկացնել հանդիպումներ և/կամ քննարկումներ,

6.17. խոսել նորմալ և/կամ բարձր ձայնով միմյանց հետ և/կամ հեռախոսով և/կամ այլ կապի միջոցներով (թույլատրվում է խոսել միայն շշուկով),

6.18. զբաղեցնել այլ Պատվիրատուի կողմից մինչ այդ զբաղեցված աշխատանքային տարածքը, բացառությամբ Ադմինիստարտորի թույլատրած դեպքերի,

6.19. Պատվիրատուների և/կամ Այցելուների կողմից տեղադրել և/կամ ցուցադրել որևէ գովազդային նյութեր և/կամ պարագաներ,

6.20. Պատվիրատուների և/կամ Այցելուների կողմից կազմակերպել մանրածախ և/կամ մեծածախ առևտուր, զբաղվել նման գործունեությամբ,

6.21. Պատվիրատուների և/կամ Այցելուների կողմից տեսանկարահանել և/կամ ձայնագրություններ կատարել՝ առանց համաձայնեցնելու Ադմինիստրարտորի հետ։

This site is registered on wpml.org as a development site.